060 272222
Հունվար 29, 2021

Telcell-ը՝ «Այբի» դպրոցական մրցույթների բացառիկ ֆինտեխ գործընկեր

 

«Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական զանգվածային մրցույթներն այս տարի կկազմակերպի նոր գործընկերոջ՝ «Թել-Սել» ընկերության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։

 

Հունվարի 29-ին ՀԲԸՄ դահլիճում «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով նոր մակարդակի կհասցվեն կրթության ոլորտում արդյունավետ փոփոխություններ իրականացնելու համատեղ նպատակներն ու ձգտումը:

 

«Թել-Սել» ընկերությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը պատրաստակամ են ներդնել իրենց ջանքերը՝ նպաստելու բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, և կհամագործակցեն «Այբի» «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթների շրջանակներում՝ հիմքում ունենալով և՛ մրցույթների հաջողված փորձը, և՛ սոցիալական բարձր պատասխանատվությունը:

 

 

«Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող զանգվածային դպրոցական մրցույթները միավորում են ավելի քան 250 000 երեխաների, ծնողների և ուսուցիչների՝ ողջ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից: Մրցույթները երեխաներին օգնում են ստուգել սեփական գիտելիքն ու տրամաբանությունը և ձգտել ավելիին: Հաշվի առնելով նոր մարտահրավերները՝ «Այբը» որոշեց այդ մրցույթներն անցկացնել առցանց՝ ապահովելով բոլոր երեխաների մասնակցության հավասար հնարավորությունը և հանրակրթության ոլորտում առցանց հարթակների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառումը:

 

«Յուրաքանչյուր նոր համագործակցություն մեզ համար կրթության զարգացման կարևոր քայլ է: Այս պայմանագրի ստորագրմամբ մենք նոր շունչ կհաղորդենք սիրված դպրոցական մրցույթներին և կկարողանանք համատեղ ջանքերով ճիշտ ներդրում կատարել կրթության մեջ, որի զարգացումը չունի այլընտրանք, և որը մեր երեխաների ապագայի կայուն գրավականն է: Telcell Wallet հավելվածով նախամրցութային փուլում գրանցվելն ու վճարումներ կատարելը շատ ավելի դյուրին կդառնա»,- նշել է «Այբ» հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:

 

«Որպես «Այբի» դպրոցական մրցույթների բացառիկ ֆինտեխ գործընկեր՝ Telcell-ի նպատակն է բոլոր երեխաների համար ապահովել մրցույթներին առցանց գրանցվելու և մասնակցելու հասանելիություն՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով այդ գործընթացը աշակերտների ծնողների համար կտևի վայրկյաններ` վերջ դնելով նախկին խնդիրներին: Որակյալ կրթությունը այն ճանապարհն է, որով մեր սերունդները պետք է քայլեն լավ ապագայի համար, և մենք պատրաստ ենք այդ ճանապարհն անցնել նրանց հետ»,- ասել է «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

 

Համագործակցության կարևորությունն ընդգծել են նաև միջոցառմանը ներկա ուսուցիչներն ու աշակերտները։

 

Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ռուզան Մալինյանի խոսքով՝ դպրոցում արդեն հաղթահարել են հեռավար ուսուցման ժամանակ մրցույթն առցանց կազմակերպելու դժվարությունները, իսկ այս համագործակցության շնորհիվ նույն ոգևորությամբ կշարունակեն մասնակցել։

 

«Ես երրորդ դասարանից մասնակցել եմ «Այբի» դպրոցական երեք մրցույթներին էլ, հատկապես շատ էի սպասում «Կենգուրուին»: Մաթեմատիկան այն լեզուն է, որով կարող ես հասկանալ աշխարհը և ձևակերպել արդի խնդիրները, իսկ «Կենգուրուի» օգնությամբ սկսել եմ պատկերացնել իմ ապագա մասնագիտությունը հենց մաթեմատիկայի ոլորտում՝ տվյալագիտության և ավիացիայի ուղղությամբ»,- ասել է մրցույթների մասնակից Գրիգորի Արտազյանը:

 

«Այբ» դպրոցի սաներից Լիլի Թարխանյանն էլ, ով 2018թ. 6-րդ դասարանում «Կենգուրուի» բացարձակ հաղթող է եղել, հավելել է «Աշակերտների ու ծնողների գործը առցանց գրանցման ու վճարման շնորհիվ կհեշտանա, ինչն էլ իր հերթին կնպաստի մրցույթի մասնակիցների թվի ավելացմանը»:

 

«Այբ» կրթական հիմնադրամը և «Թել-Սել» ընկերությունը հավատում են, որ պատասխանատու գործընկերությամբ կարող են նպաստել մեր երկրում կրթության ոլորտի զարգացմանը և կրթության որակյալ շարունակականության ապահովմանը:

 

 

  

Բոլոր նորությունները
//